Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քսենյա Սոբչակը մասնատում է ընդդիմությունը

Քսենյա Սոբչակը մասնատում է ընդդիմությունը
28.10.2017 | 09:47

Ֆրանսիայի թերթերը Քսենյա Սոբչակի նախագահի թեկնածու առաջադրվելը գնահատել են հարված Ալեքսեյ Նավալնիին և ընդդիմության մեջ տարաձայնություններ սերմանելու իշխանության քայլ:


AFP: Քսենյա Սոբչակն իբրև ընտրությունների «ռեանիմացիա»
Ռեալիթի շոուի նախկին աստղ, ընդդիմադիր շրջանակներին մերձ Քսենյա Սոբչակը «մի քիչ կյանք ներշնչեց Ռուսաստանի նախագահի ընտրություններին», որոնց արդյունքը նախապես հայտնի է` գրում է AFP-ը: Քաղաքագետ Կոնստանտին Կալաչևը AFP-ին տված հարցազրույցում ասել է, որ Քսենյա Սոբչակի նախագահի թեկնածու առաջադրումը բացատրվում է իշխանությունների ցանկությամբ` միաժամանակ ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն հարուցել և Ալեքսեյ Նավալնիին մրցակից ստեղծել։ «Դա արհեստական ճանապարհով լիբերալ ու գայթակղիչ թեկնածու ստեղծելու փորձ է»` ասում է նա։ Կալաչևի խոսքով` Սոբչակի մասնակցությունն ընտրություններին կարող է «մեծ նվեր» դառնալ Նավալնիին, որ ընտրությունները բոյկոտելու կոչ է անում։ «Սոբչակի մասնակցությունը ընտրությունները վերածում է կրկեսի ու ֆարսի, որ մարդկանց ընտրության չգնալու ևս մեկ պատճառ կդառնա»` կարծում է քաղաքագետը։


Le Figaro: Ռեալիթի շոուից մեծ քաղաքականություն
Le Figaro-ն հիշեցնում է, որ Քսենյա Սոբչակը Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ և Պուտինի «քաղաքական ուսուցիչ» Անատոլի Սոբչակի դուստրն է։ Տասնամյակներով նա մարմնավորում էր պուտինյան դարաշրջանի «ոսկի երիտասարդության» կերպարը։ Հեռուստաաստղ և ռուսերեն L’Officiel-ի գլխավոր խմբագիրը միացավ ընդդիմությանը և մասնակցեց բողոքի ակցիաներին 2011-ին: Դեռ մինչև ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Քսենյա Սոբչակի հայտարարությունը` լուրը մասնատեց ընդդիմությունը, որի ղեկավար Ալեքսեյ Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թույլ չի տրվի մասնակցել ընտրություններին:


Le Temps: Ընտրություններից առաջ Կրեմլը տարաձայնություններ է սերմանում ընդդիմության մեջ
Ալեքսեյ Նավալնին, ում թույլ չեն տալիս ընտրություններին մասնակցել, փորձում էր խարխլել ընտրությունների լեգիտիմությունը, որոնց արդյունքները նախապես հայտնի են։ Դրա փոխարեն Կրեմլը խարխլեց ընդդիմության ղեկավարի նրա կարգավիճակը` նրա «ոտքերի տակ նետելով» Քսենյա Սոբչակին` գրում է Էմանուել Գրինսպենը: Կրեմլին հաջողվեց կռվեցնել Սոբչակի ու Նավալնիի կողմնակիցներին: Ոմանք մեղադրում են Սոբչակին Կրեմլի հետ կապերի մեջ, մյուսները մեղադրում են Նավալնիին իր «ավտորիտարիզմի» համար:.
Le Monde: Միայնակ «բոլորի դեմ»
Մոսկվայի թղթակից Իզաբել Մանրոն գրում է, որ Քսենյա Սոբչակը միշտ մի ոտքով եղել է ընդդիմության, մյուսով` իշխանության մեջ, որ նրա նկատմամբ հոռետեսություն է առաջացնում։ Ոմանք վստահ են, որ Սոբչակը միանգամայն անկեղծ ցանկանում է մարմնավորել «նոր սերնդին»։ Մյուսները վստահ են, որ նրա մասնակցությունն ընտրություններին լեգիտիմացնում է Վլադիմիր Պուտինին, որ պատրաստվում է չորրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել։ 2012-ին միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն արդեն խաղացել է սպարինգ պարտնյորի դեր և հավաքել է 8 %։
RFI


Հ.Գ. Կրեմլի հետ Սոբչակների ընտանիքի կապը երբեք չի ընդհատվել և երբեք չի թաքցվել: Քսենյա Սոբչակը ճկուն, խելացի ու հաջող ընտրություն է` ոչ միայն կանխորոշված քվեարկության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, այլև Ալեքսեյ Նավալնիին քաղաքականապես «սպանելու» համար, որ շատ կարևոր է հետընտրական գործընթացների կանխման առումով: Նա ասելու է շատ ավելին, քան ասել ու արել է մինչև հիմա Նավալնին` ոչ միայն իսկապես ընդդիմադիր երևալու, այլև հասարակության ընդդիմադիր տրամադրությունները կենտրոնացնելու, իսկ հետո փոշիացնելու։ «Գոլորշի բաց թողնելու» այդ քաղտեխնոլոգիան իրեն միշտ արդարացրել է Ռուսաստանում: Ո՞վ կարող է մեղադրել Միխայիլ Պրոխորովին, որ չկատարեց նախընտրական խոստումները։ Քսենյա Սոբչակը Ալեքսեյ Նավալնիից ավելի համոզիչ ու տպավորիչ կլինի և ՌԴ նախագահի ընտրությունները իսկապես կդառնան ռուսական հասարակության տրամադրություններն ու տեսակետները բաց ասպարեզ բերելու միջոց, բայց արտաքուստ, իսկ խորքում նույն ֆարսն ու կրկեսն է, ինչ հետխորհրդային տարածքի բոլոր ընտրություններում` հանձնարարված արդյունքով։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ